1 Chronicles 18
1 Դրանից հետո Դավիթը հարվածեց փղշտացիներին, նվաճեց նրանց, փղշտացիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։
2 Նա հարվածեց Մովաբին, և մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։
3 Դավիթը Եմաթի մոտ հարվածեց նաև Սուբայի թագավոր Ադրաազարին, երբ նա գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա։
4 Դավիթը նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր և քսան հազար հետևակ զորք։ Դավիթը կտրեց բոլոր մարտակառքերի ձիերի ջղերը և դրանցից թողեց միայն հարյուր մարտակառքի համար։
5 Երբ Դամասկոսից եկան ասորիները՝ օգնելու Սուբայի թագավոր Ադրաազարին, Դավիթը հարվածեց ասորիներին և քսաներկու հազար մարդ սպանեց։
6 Դավիթը պահակազորք դրեց Դամասկոսի Ասորիքում, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։
7 Դավիթն առավ Ադրաազարի ծառաների վրա եղած ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։
8 Ադրաազարի քաղաքներից՝ Տեբաթից և Քունից, Դավիթը վերցրեց խիստ շատ պղինձ, որից Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, սյուներն ու պղնձե անոթները։
9 Երբ Եմաթի թագավոր Թովուն լսեց, թե Դավիթը ջարդել է Սուբայի թագավոր Ադրաազարի բոլոր զորքերը,
10 նա իր որդի Ադորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան, որ պատերազմել է Ադրաազարի դեմ ու նրան հաղթել (որովհետև Թովուն պատերազմներ էր մղել Ադրաազարի դեմ), և նա ամեն տեսակ ոսկե, արծաթե և պղնձե անոթներ ուղարկեց Դավթին։
11 Դավիթ թագավորը դրանք էլ նվիրեց Տիրոջը այն արծաթի և ոսկու հետ, որ վերցրել էր բոլոր ազգերից՝ Եդովմի, Մովաբի, Ամմոնի որդիներից, փղշտացիներից և ամաղեկացիներից։
12 Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորում տասնութ հազար մարդ ջարդեց եդովմացիներից։
13 Նա պահակազորք դրեց Եդովմում, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։
14 Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. նա իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։
15 Շարուհեայի որդի Հովաբը զորքերի հրամանատար էր, Աքիղուդի որդի Հոսափատը՝ դիվանադպիր,
16 Աքիտովբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը քահանաներ էին, և Սուսան՝ ատենադպիր։
17 Հովիադայի որդի Բանեան թիկնազորի ղեկավար էր, իսկ Դավթի որդիները նախարարներ էին թագավորի կողքին։